«Շուտ մեռնել, թե ոչ, կարևոր չէ, պատվով, թե անպատիվ, դա է էականը»
06.03.2020 | 00:08
ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԽՈՍՔԵՐԻՑԷլ չեմ խոսում տարածաշրջանային մենթալիտետի համարում ստացած կաշառակերության մասին: Եվ եթե մեր հարևաններից յուրաքանչյուրը մեծ աշխարհի հետ հարաբերություններում այս ամենը կոմպենսացնող որևէ ծանրակշիռ խաղաքարտ ունի՝ ծավալային, քանակային, ռեսուրսային, ապա մեզ մնում է մյուսներից ուղղակի մի գլուխ ավելի կազմակերպված, նպատակասլաց, բարոյական լինել վերջապես: Ակնհայտ ճշմարտություն է, որ լավ հավաքված փոքրը, քիչը հաճախ ավելի ուժեղ են, քան վատ հավաքված մեծն ու շատը՝ լինի պետություն, բանակ թե ընտանիք:
Մենք իրավունք չունենք թույլ տալու այնպիսի շռայլություն, ինչպիսին է տասնյակ կուսակցությունների և հոսանքների գոյությունը: Այս քաղաքական դաշտը պետք է կանոնավորվի, ինչպես հատուկ է քաղաքակիրթ երկրներին: Հայաստանում էլ պետք է գործեն 3-4 դասական ուժեր, ավանդույթներ ունեցող և ավանդույթներ ձևավորող, քաղաքական հստակ դեմք ու նկարագիր ունեցող և իր հետևից ժողովուրդ տանող կուսակցություններ: Այլապես այս բզկտվածությունը կբերի նաև հասարակության բզկտվածության:
Միասնությունը կարող է սարեր շուռ տալ:
Կարող է աշխարհ զարգացնել: Նաև դառնալ փաստարկ նույն աշխարհի համար: 21-րդ դար հաղթանակած, պատվով մտնելու մեր միակ երաշխիքն է միասնությունը:
Երանի մեր բոլոր քաղաքական կուսակցություններն ու անհատները այդ գիտակցությամբ առաջնորդվեն: Երանի նրանց օրինակ ծառայի, ոգևորի պարզ ու պինդ տղաների՝ իրենց հին ու նոր ընկերների օրինակը:
Հայաստանը գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ ավելի շատ լուրջ ժողովրդավարական հիմքեր-սկզբունքներ մենք ունենք. դա մեր հաղթական խաղաքարտերից մեկն է, և եթե մենք կարողանանք ճիշտ աշխատանքներ տանել ու դառնալ իսկապես ժողովրդավարական պետություն, այդպես ավելի հեշտ կկարողանանք հաղթել մեր հակառակորդներին ու մրցակիցներին:
ԱՄԵՆ ԲԱՆ ԷԼ ՄԱՐԴՈՒ ՀԱՄԱՐ Է
Ողբերգական հոկտեմբերի 27-ից հետո, ՊՆ աշխատակազմի հրատարակչական բաժնում խմբագրի պարտականությունները կատարելուն զուգընթաց, սկսեցի գրառել Վազգեն Սարգսյանի մասին զինակիցների հուշերը՝ օգտագործելով աշխատանքային ընդմիջումների սուղ ժամանակը: 2013 թ. մայիսի կեսին էր: ՎՏՎ վարչության պետին խնդրեցի, ընդմիջման մեկ ժամից բացի, լրացուցիչ տրամադրել ևս 30-40 րոպե, որպեսզի կարողանամ ՀՀ պաշտպանության նախարարության շենքից հասնել Հաղթանակի զբոսայգու դիմաց գտնվող ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին շենքը, որտեղ այդ ժամանակ տեղավորված էր ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր բարձրագույն սպայական հանձնաժողովը և գրառեմ հանձնաժողովի անդամ, Շուշիի ազատագրման ռազմագործողության շտաբի պետ, գեներալ-մայոր ՖԵԼԻՔՍ ԳԶՈՂՅԱՆԻ հուշերը Վազգեն Սարգսյանի մասին: Այդ օրը գեներալը պատմեց Արցախյան ազատամարտի ընթացքում Վազգեն Սարգսյանի հետ համատեղ գործունեության ուշագրավ դրվագներ: Մեր զրույցի վերջում նա խոստացավ ինձ հանձնել դժվարին օրերին իր՝ Շահումյանի շրջանում գտնված ժամանակ Վազգենի իրեն ուղղված նամակները: Քանի որ ինձ տրված ժամանակը չէր սպառվել, պարոն Գզողյանի անմիջական, ջերմ ընդունելությունից քաջալերված, հարցրի՝ արդյոք կարո՞ղ է աջակցել, որպեսզի հանդիպեմ սպայական հանձնաժողովի նախագահ, գեներալ-լեյտենանտ ՍՏԵՓԱՆ ՎԱՀԱՆԻ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ՝ Սպարապետի մասին նրա խոսքը ևս գրառելու համար: Գզողյանը ժպտաց՝ ասելով, որ իր աջակցության կարիքը չկա, պարզապես թակեմ դիմացի սենյակի կողքի դուռը, որտեղ գեներալի աշխատասենյակն է: Իմ կամացուկ թակոցի վրա դուռն անմիջապես բացվեց: Երիտասարդ սպան անծանոթուհուս այցից ակնհայտորեն զարմացած՝ հարցական հայացքն ուղղեց գրասեղանի առջև նստած գեներալի կողմը: Շտապեցի ներկայանալ. «Հրատարակչության խմբագիր, կապիտան Ծառուկյան», և հայտնեցի այցելությանս նպատակը:
-Հիշվող անուն-ազգանուն ունեք,- ասաց գեներալը,- Դու՞ք եք խմբագրում մեր պաշտոնական գրությունները: Ճիշտն ասած, սպասում էի ձեզ պես մեկին՝ խոսելու, հաղորդակցվելու համար: Եվ ահա՛, Դուք եկաք:
Գրասեղանի վրա թղթապանակներ էին, գրքեր, իրար կողքի դարսված փաստաթղթեր: Ասես մոռացած իմ ներկայությունը՝ դեմքի կենտրոնացած արտահայտությամբ նա շարունակեց դարակներից նոր թղթեր հանել, մտազբաղ աչքի անցկացնել... Հասկացա, որ մեր զրույցը հեշտ չի լինելու, և աշխատանքից ուշանալու մտքից լարվեցի. պայմանավորված ժամից անգամ հինգ րոպե ուշացման համար ղեկավարության կողմից կարող էի գրավոր «նկատողություն» ստանալ, մի բան, որ 16 տարվա ծառայության ընթացքում երբևէ չէր եղել, որի համար ներքուստ հպարտ էի: Ի վերջո, գեներալը թողեց փաստաթղթերի կույտը և հայացքը սահեցնելով սենյակի իրերի վրայով ՝ անսովոր երանգով ասաց.
-Գնում եմ բարդ վիրահատության, հավանաբար այլևս չվերադառնամ այս աշխատասենյակ: Պետք է համակերպվել, ամեն բան էլ մարդու համար է...
Անսպասելի այդ խոսքերից այլայլված՝ լուռ կանգնել էի: Ձեռքիս պատրաստ պահած ստվարաթերթ տետրն ու գրիչը մի տեսակ ավելորդ ու անպատեհ էին թվում: Ասես դրամատիկական կինոնկարի կադրում լինեի ու չգիտեի խոսքերս: Զգալով վիճակս՝ գեներալը հանկարծ ժպիտով նայեց ինձ, սենյակի անկյունում պատրաստակամ կանգնած լելտենանտին և խոսեց գրեթե պատանեկան զվարթ ձայնով ու վավերագրողին վայել սահուն, հանդարտ պատումով ներկայացրեց իր կյանքի պատմությունը՝ ասես վերստին վերապրելով հիշարժան իրադարձությունների մանրամասները: Սկսեց ոչ թե կենսագրության սկզբից, այլ զինծառայության վաղ շրջանի մի դրվագից, որ այդ պահին արթնացել էր մտապատկերում: Իսկույն, առանց թույլտվության, նստեցի գրասեղանի շարունակություն սեղանի առաջին պատահած աթոռին, բացեցի տետրն ու սկսեցի գրառել՝ որոշ բառերի միայն առաջին տառերը նշելով, որպեզի հասցնեմ ոչ մի բառ բաց չթողնել, հարցով չընդհատել գեներալի խոսքը: Այդ նյութում, թերթի հնարավորության նկատառմամբ, խոսքի որոշ հատվածներ համառոտել եմ՝ պահելով ամենաէականը, հիշատակելին:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՆՔ
Գեներալ-լեյտենանտ Ստեփան Միրզոյանը 1968 թ. ավարտել է Բաքվի համազորային բարձրագույն ուսումնարանը: 1974 թ. եղել է Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայի ունկնդիր: 1976-1979 թթ. ծառայել է Միջինասիական զինվորական օկրուգում՝ որպես գնդի շտաբի պետ: 1979-1984 թթ. ԽՍՀՄ զինված ուժերում զբաղեցրել է մի շարք պաշտոններ: 1984 թ. նշանակվել է Պանֆիլովյան դիվիզիայի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ և որպես ազգային դիվիզիայի հրամանատարի խորհրդատու՝ զինծառայության է գործուղվել Աֆղանստանի Դեմոկրատական Հանրապետություն, ականատես ու մասնակից եղել այնտեղ ընթացող մարտական գործողություններին: Նրա ծառայությունը բարձր է գնահատվել ԽՍՀՄ զինված ուժերի և Աֆղանստանի Հանրապետության ղեկավարության կողմից:
1990 թ. Լեհաստանում տեղաբաշխված զորամասի մարտական պատրաստության գծով պետի տեղակալ Միրզոյանն իր խնդրանքով տեղափոխվել է Հայաստան, նշանակվել հանրապետական զինկոմիսարիատի զորահավաքային բաժնի պետ-զինկոմի տեղակալ: 1994-1997 թթ. ղեկավարել է ՀՀ ՊՆ կադրերի վարչությունը: 1997-2000 թթ. եղել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման հրամանատար: 2000 թ. մարտի 16-ին նշանակվել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, ծառայել մինչև 2007-ը: 2009-2012 թթ. եղել է ՀՀ Հանրային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի պաշտպանության հարցերի ենթահանձնաժողվի նախագահ: 2012 թ. նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր բարձրագույն սպայական հանձնաժողովի նախագահ:
ՀՀ ԶՈՒ ծառայության առաջին իսկ ամիսներից ակտիվորեն մասնակցել է Արցախի և ՀՀ սահմանների պաշտպանության մարտերին:
Անմիջականորեն մասնակցել է Քարվաճառի ազատագրման համար մղվող մարտերին:
Խորհրդային բանակի և ՀՀ ԶՈՒ շինարարության գործում մեծ ավանդի, ՀՀ սահմանների պահպանության և պաշտպանության մարտական գործողություններին ակտիվ մասնակցության, երկարամյա անբասիր, բարեխիղճ ծառայության համար պարգևատրվել է ԽՍՀՄ, ՀՀ և Աֆղանստանի պետական շքանշաններով, բազմաթիվ գերատեսչական մեդալներով, շնորհակալագրերով, անվանական զենքով:
Պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:
1998 թ. Ստեփան Միրզոյանին շնորհվել է գեներալ-մայորի, 2004 թ.՝ գեներալ-լեյտենանտի կոչում:
«ՎԱԶԳԵՆԻ ԿՈՉԸ` ՈՒՂՂՎԱԾ ՀԱՅ ՍՊԱՆԵՐԻՆ՝ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀԱՅՐԵՆԻՔ, ԱՐՁԱԳԱՆՔԵՑ ԻՄ ՀՈԳՈՒՄ»
Գեներալը պատմում էր հանդարտ, անշտապ, վաստակած մարդու խաղաղությամբ, երբեմն միայն ձայնում, հայացքում ալեկոծում էր նկատվում, հատկապես երբ անդրադառնում էր կյանքում հանդիպած անարդարության, դաժանության դրվագների:
-Աֆղանական պատերազմի վերջին վերադարձա Լեհաստանում տեղաբաշխված խորհրդային զորքեր, զբաղեցրի մարտական պատրաստության գծով պետի տեղակալի իմ պաշտոնը: Վազգեն Սարգսյանի կոչը` ուղղված հայ սպաներին՝ վերադառնալ հայրենիք, արձագանքեց իմ հոգում: Դիմում գրեցի և 1990 թ. հունվարի կեսին արդեն Հայաստանում էի: Ինձ նշանակեցին հանրապետական զինկոմիսարիատի զորահավաքային բաժնի պետ-զինկոմի տեղակալ: Շատ աշխատանք կար անելու: Պատերազմ էր, մութ ու ցուրտ ժամանակ: Կամավորական ջոկատները պատերազմը չէին կարող հաղթահարել, դժվար էր հրոսակներին դիմակայելը, անընդհատ նահանջում էին, մարդկային ներուժ էր պետք: 1990 թ. իմ նախաձեռնությամբ ստեղծեցինք ինքնապաշտպանական գումարտակներ: Դա արվում էր շատ գաղտնի պայմաններում: ԽՍՀՄ-ը դեռ կար: K-1991. շատ քչերը գիտեն, թե սա ինչ էր նշանակում: 1991 թ. ապրիլի կեսերին Մոսկվայից մի խումբ եկավ ստուգման՝ ծովակալ, 6-7 գեներալ, գնդապետներ: Նրանց պատմեցի հայոց պատմության հիշատակելի դրվագներ և պարտադրեցի ապրիլի 24-ին այցելել Ծիծեռնակաբերդ, խոնարհվել ցեղասպանության զոհ դարձած անմեղ հայերի հիշատակը հավերժացնող անմար կրակի առջև: Այցելեցին և ծաղկեպսակ դրեցին: Ապրիլի 25-ին նրանց հետ կանչեցին: Մայիսի 3-ին թե 4-ին այդ խմբից 4 գնդապետ վերադարձան: Իմ տեղակալն էր նրանց տեղեկացրել, թե ես ու Արարատի զինկոմ Սուրիկ Միքայելյանն ի՛նչ ենք կազմակերպել, թե այդ ինքնապաշտպանական գումարտակն ինչ նպատակի է ծառայելու: Սուրիկը մեղրեցի էր, ամենապատրաստված, ամենաակտիվ սպան (հետո նա նշանակվեց Արարատի զինկոմ): Մոտավորապես 600 մարդ էինք հավաքել: ՈՒ այս գնդապետները Մոսկվայից եկել էին մեզ տանելու: Շարժվեցինք դեպի Արարատ: Առանց համարակալման, կանչագրերի՝ զգուշացրի Սուրիկին. «Եկել են, ինձ ու քեզ ուզում են տանել»: Նրանց ասածները Սուրիկը ևս կտրականորեն ժխտեց՝ ասելով. «Մենք խորհրդային սպաներ ենք»: Շարունակությունն այն եղավ, որ այդ մարդիկ շատախոսեցին, և մենք ամեն մեկի հետ մի-մի արկղ կոնյակ դրեցինք ու ճանապարհեցինք Մոսկվա: Այդպիսով՝ վտանգավոր պահն անցավ: Հետո անկախություն եղավ: Մենք այլևս պետք չէինք ռուսներին:
Մեր կազմավորած այդ գնդերից իմ տեղակալ Հարությունովի հետ մոտավորապես 8 հազար 600 մարդ եմ ճանապարհել ճակատագիծ: Նրանցից 5 000-ը զոհվեց: Ցավալի, դժվարին, սրտամաշ օրեր էին:
Կենտկոմի շենքի առաջին հարկի վերջին՝ 106 սենյակում էր Վազգենի աշխատասենյակը: Այնտեղից էր նա ղեկավարում պաշտպանության գործը: Դիմացի սենյակում նստում էր Սերգեյ Մարտիրոսյանը, որը թիկունքի գծով տեղակալն էր: Վազգենի հանձնարարությամբ Քանաքեռում՝ ներկայիս կապի գնդում, ստեղծեցինք պատրաստության բազա: Ջանադիր աշխատանքն արդյունք տվեց: Այնտեղ էինք վերապատրաստում, հանդերձավորում, զինում և ճանապարհում ռազմաճակատ՝ Վազգեն Սարգսյանի անմիջական գլխավորությամբ: Նա էր որոշում՝ ում հրամանատարության ներքո, ու՛ր պիտի գնան: Սպայական կազմը ձևավորեցինք Սիսիանում: Առաջին սպայական հրամանատարական կազմը ես եմ ներկայացրել Վազգեն Սարգսյանին:
1992 թ. ծանր ժամանակահատված էր մեր ժողովրդի համար: Ապրել-մեռնելու օրեր էին: Եվ այդ վիճակից դուրս գալու ուղին կանոնավոր բանակի կազմավորումն ու հզորացումն էր: Արդեն լավ զինված էինք: Վազգեն Սարգսյանը մեր առաջին պաշտպանության նախարարն էր, պաշտոնավարեց 1991-1992 թթ., 1993 թ. պաշտոնը թողեց: Նրա փոխարեն նշանակվեց Սերժ Սարգսյանը: Հետո որոշ ժամանակ անց Սերժ Սարգսյանը նշանակվեց ՀՀ պետական անվտանգության վարչության պետ, ապա ազգային անվտանգության նախարար, 1996-1999 թթ.՝ ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար, այնուհետև՝ ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:
(շարունակելի)
Ասպրամ ԾԱՌՈՒԿՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Ակնաղբյուրն այսօր գերի է
- «Արցախի կորուստը հայ ժողովրդի համար հսկա կորուստ մըն է»
- «Արցախի կորուստը հայ ժողովրդի համար հսկա կորուստ մըն է»
- «Արցախի կորուստը հայ ժողովրդի համար հսկա կորուստ մըն է»
- Շուշի՝ սպիտակ երազ
- Շուշի՝ սպիտակ երազ
- Շուշի՝ սպիտակ երազ
- Շուշի՝ սպիտակ երազ
- «Եթե թշնամին վերսկսի պատերազմը, մենք, անկասկած, պատերազմը կավարտենք ավելի հեռու տարածքներում»
- Եռաբլուրից մինչև Մուշ, Սասուն
- «Եթե ինձ մի վատ բան պատահի, ձեր մասին հոգացողներ կլինեն»
- Շոշի Ագոն
- Դեղնավուն ընդհանուր տետրն անպայման գտնելու և ընթերցողին եմ ներկայացնելու Թագուհի Կարաբաջակյանին
- «Այն մեկ ամիսը, որ Պետրոսը կռվեց իմ կողքին, հավասար էր տասնյակ կյանքերի սխրանքի»
- «Չհասցրեց բացել թևերը»
- «Շուտ մեռնել, թե ոչ, կարևոր չէ, պատվով, թե անպատիվ, դա է էականը»
- «Մեր էության կնքարանը Հայաստանն է»
- Կարոտները կապող-միավորողը վանեցու զավակ Հրանտ Մարգարյանն էր
- «Քաղաքակիրթ աշխարհի մէջ արդարությունը հանգուցյալ է տիրապես»
- «Հրետանին պատերազմի աստվածն է»
Մեկնաբանություններ